Վարչական դատարանը մարտի 23-ին շարունակել է քննել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիայի դադարեցման հարցով վարույթը։ Դատական նիստը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
«Տաշիր Կապիտալը» վիճարկում է ընկերությանը լիցենզիայից զրկելու որոշումը և հայտարարում ապացույցների բացակայության մասին
ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ Վարդան Ալոյանն Armenia Today-ին հայտնել է, որ մարտի 21-ից սկսված և ընդմիջումներով մարտի 24-ի առավոտյան ժամը 04:00-ին ավարտված դատաքննությունը տևել է շուրջ 29 ժամ։ Լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին, հավելել է նա: Ալոյանի խոսքով՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ հստակ հիմնավորումներ չի ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Ավելին՝ դատական նիստի ընթացքում, որպես ապացույց, փորձում էին ներկայացնել դեպքեր, որոնք կատարվել են ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ժամանակ, Armenia Today-ին ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ալոյանը հավելել է, որ դատական նիստին «Տաշիր Կապիտալը» ներկայացրել է իրենց հայցադիմումի բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև իրենց կողմից հետազոտված ապացույցները, վարչական վարույթում առկա ավելի քան 1000 փաստաթուղթ։
«Ուսումնասիրել ենք նաև ՀԾԿՀ-ի երեք մոնիթորինգը։ Դատական նիստում յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր հաշվիչի ենթադրյալ խնդիր դիտարկել ենք առանձին-առանձին։ Արդյունքում՝ պարզվել է, որ դրանցում գրեթե որևէ հիմնավոր ապացույց չկա։ Ապացույցների մոտ 80%-ը, ըստ էության, ճանաչվել է ոչ թույլատրելի»,- նշել է Ալոյանը։
Ղազինյանն էլ շեշտել է ներկայացված ապացույցների անբավարար որակը՝ նշելով, որ յուրաքանչյուր դրվագի հիմքում առկա է փաստագրական անհամապատասխանություն, և տեղի ունեցողը որակել «քաղաքական գործընթացի» մաս։
«Անգամ երբ տեսուչի ասածն են մեջբերում, տեսնում ես՝ կա՛մ փորձաքննությունը չկա, կա՛մ մի դեպքում հաշվիչների ցուցմունքների դեպքում հավելագրում են վերագրում։ Ասում ենք՝ իսկ դա ո՞վ է ասել, ասում են՝ մենք ենք այդպես մտածել»,- ասել է Ղազինյանը։
Ալոյանը հավելել է, որ արձանագրել են փաստաթղթեր, որոնց դեպքում նույնիսկ ՀԾԿՀ աշխատակիցներն են ընդունել, դրանք գործին չեն վերաբերում։
ՀԷՑ-ին վերագրվող խախտումներն ու լիցենզիայից զրկելու հիմքերը
Ալոյանի համոզմամբ՝ դատական նիստերի ընթացքում հերքվել են ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու բոլոր 7 հիմքերը, որոնք ներկայացվել էին 2025-ին։ Հիմնավորումների թվում 700 000 սպառողի տվյալների ոչ ամբողջական հաշվառումն էր, էլեկտրաէներգիայի թերգրանցումներ և հավելագրումներն էին, միացումների ժամկետների խախտումները, ընդհատումների մասին ոչ հավաստի տեղեկությունը (ՀԾԿՀ-ի հիմնավորումներն ամբողջությամբ՝ այստեղ):
Ալոյանը շեշտել է, որ այդ հիմնավորումների համար փաստական հիմքեր չկային։ Նրա խոսքով՝ արձանագրել են նաև սխալ տեղեկություններ։
«Չափագրության ազգային ինստիտուտից եզրակացություններ կային, որոնց վրա ինչ-որ մեկը ձեռքով ինչ-որ բաներ էր լրացրել ու ներկայացրել։ Պարզեցինք, որ այդպիսի բան չի կարող լինել։ Մեծ հաշվով՝ տարբեր ապացույցներ հետազոտելու արդյունքում բոլորի մոտ ձևավորվեց համոզմունք, որ ՀԷՑ-ը թույլ չի տվել այնպիսի խախտում, որի հիման վրա լիցենզիայից կարելի էր զրկել։ Փաստացի՝ ընկերությանը լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ-ի բոլոր 7 հիմքերը չեզոքացված են, ու դրանցով ՀԷՑ-ը չէր կարող պատասխանատվության ենթարկվել»,- հավելել է Ալոյանը։
ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնավարումն ու «Տաշիր Կապիտալի» միջնորդությունը
Ալոյանը նաև բացատրել է, որ եթե դատարանն անվավեր ճանաչի ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումը, ապա ավտոմատ դադարում են նաև ժամանակավոր կառավարչի լիազորությունները, քանի որ նրա պաշտոնավարումը պայմանավորված էր հենց այդ որոշմամբ։
«ՀԾԿՀ-ն նախկինում նշել էր, որ նոր կառավարիչ չի նշանակվելու, և Պետրոսյանը շարունակում է պաշտոնավարել մինչև իրենց ակնկալած արդյունքը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումը։ Քանի որ ակտը ենթակա է անվավեր ճանաչման, նույն հիմքով պետք է անվավեր ճանաչվի նաև նրա լիազորությունների երկարաձգումը»,- նշել է Ալոյանը։
Նա հավելել է, որ դատական նիստի ավարտին ներկայացվել է միջնորդություն, որպեսզի ՀԷՑ-ին առնչվող դատարանի որոշումն ուժի մեջ մտնի ոչ թե բողոքարկման բոլոր փուլերից հետո, այլ անմիջապես հրապարակման պահից։
Նրա խոսքով՝ դա կապված է գործընթացի ձգձգման ռիսկի հետ. բողոքարկումը ներկայացնելիս քննությունը կարող է տևել մինչև մեկուկես-երկու տարի։ Նա նշել է, որ այդ ընթացքում ՀԷՑ-ի նկատմամբ կարող են իրականացվել գործընթացներ, ինչպիսին սեփականության իրավունքից զրկելն է։
«Դա պայմանավորված է նրանով, որ եթե կիրառվի սովորական ընթացակարգ, ՀԾԿՀ-ն կարող է բողոքարկել վճիռը, և այն ուժի մեջ չի մտնի մինչև Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների քննության ավարտը։ Սա կարող է տևել երկար ժամանակ, և այդ ընթացքում ՀԷՑ-ի նկատմամբ այնպիսի գործողություններ կարող են իրականացվել, որոնք հետո դժվար կլինի վերացնել, օրինակ՝ սեփականության իրավունքի սահմանափակման քայլերը»,- բացատրել է Ալոյանը։
Դատարանից ակնկալվող որոշումը և «Տաշիր Կապիտալի» հետագա քայլերը
Ալոյանի խոսքով՝ հատկապես վերջին երեք դատական նիստում պատասխանողի ընդունած փաստերը, ապացույցներն ու իրենց հարյուրավոր ապացույցները հաշվի առնելով՝ դատարանը պետք է բավարարի «Տաշիր Կապիտալի» հայցը։ Նրա համոզմամբ՝ ՀԾԿՀ-ի 7 հիմքերից առնվազն 4-5-ի դեպքում անհնար է չվերացնել որոշումը։
«Պատասխանողի հարյուրավոր ապացույցներ ու փաստեր ուղղակի շարքից դուրս եկան, որովհետև պարզվեց, որ անստորագիր, անհեղինակ ինչ-որ փաստաթղթեր են։ Այս ամենի համատեքստում առավել հիմնավոր դարձավ համոզմունքը, որ վարչական ակտն ամբողջությամբ պետք է անվավեր ճանաչվի»,- նշել է Ալոյանը։
Որոշումն անվավեր չճանաչելու դեպքում «Տաշիր Կապիտալը» դիմելու է Վերաքննիչ, հետո Վճռաբեկ դատարան։
«Այդ գործընթացը, սակայն, կարող է մեկուկես, երկու տարի տևել։ Ակնկալում ենք, որ հիմա որոշումը կլինի, որովհետև հետո, երբ, օրինակ, սեփականության իրավունքից զրկած լինեն, ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի, քան հիմա՝ ի սկզբանե այդ սցենարները կանխարգելելը»,- նշել է Ալոյանը։
ՀԷՑ-ի ներկայիս իրավիճակը
Անդրադառնալով կառավարության և ՀԷՑ-ի պետականացման շուրջ բանակցությունների հետաձգման հետևանքներին՝ Ղազինյանը նշել է, որ ընկերությունն անհամեմատ վատթար վիճակում է, քան նախկինում, ինչը ևս մեկ անգամ խոսում է իշխանությունների ոչ պետական մտածելակերպի մասին։
«Իրենց նպատակներն իրականացնելու համար պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, իսկ իրենց նպատակը վախն է։ Վախենալով՝ Սամվել Կարապետյանին (ՀԷՑ սեփականատեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու-խմբ․) փորձում են ճնշել։ Կարապետյանն էլ «մաստեր կլաս» է ցույց տալիս, թե ինչպես չպետք է ճնշվել, և ինչպես չպետք է վախենալ գումար կորցնելուց»,- ասել է տնօրենի նախկին պաշտոնակատարը։
Նա նաև հիշեցրել է, որ իրենց կառավարման ժամանակ տարեկան երկու մոնիթորինգ էին իրականացնում, մի քանի վարչական վարույթ հարուցում։ Ղազինյանի խոսքով՝ արդեն ութ ամիս է անցել ժամանակավոր կառավարչի նշանակումից, ու որևիցե մոնիթորինգ, վարույթ չկա։
Խոսելով ՀԷՑ-ի պետականացմանը նպաստող օրենքները ՍԴ-ի կողմից սահմանադրական ճանաչելու մասին՝ Ղազինյանը որոշումը քաղաքական է համարել և նշել, որ ներպետական որևէ ատյանում որևէ դրական որոշման ակնկալիք չկա։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցով դատական ակտը կհրապարակվի մարտի 26-ին։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը 2025 թվականի հունիսին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Նոյեմբերին, սակայն, ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։





































