Դատարանը որոշել է ՀԷՑ-ի պետականացման շուրջ բանակցությունները հետաձգել մինչև մայիսի 25-ը, հայտնել է ընկերության նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ըստ նրա՝ մինչև նշված օրը ներառյալ կլինի բանակցությունների փուլ, ապա ընկերությունը գերակա շահ ճանաչելու գործընթաց կլինի: Նախկին տնօրենի խոսքով՝ ներկայիս պայմաններում հնարավոր չէ գալ կոնսենսուսի։
«Մենք հակված չենք այդ բանակցություններին, հաշվի առնելով իրենց, և կատարած առաջին առաջարկը»,- նշել է նա։
Նա հավելել է, որ Ստոկհոլմի միջազգային արբիտրաժում Կարապետյանների հայցի քննությունն ընդդեմ կառավարության գտնվում է քննության փուլում։ Նա համոզմունք է հայտնել, որ այնտեղ արդեն «զանգովի արդարադատություն» չի գործելու, և այսպես արդարությունը հաղթանակելու է։
«ՀԷՑ-ի գործը, որպես այդպիսին, դասագրքային է դառնում, այսինքն՝ ինչպիսին չպետք է լինի կառավարությունը, ինչպիսին չպետք է լինի դատարանը, որովհետև այստեղ մենակ ՀԷՑ-ի խնդիրը չէ»,- շեշտել է նա։
Ղազինյանի խոսքով՝ եթե Կարապետյանը 1 սանտիմետր հետքայլ կատարեր, ՀԷՑ-ը «փաթեթավորված հանձնելու էին» հետ՝ մի քանի անգամ էլ ներողություն խնդրելով։
«Այստեղ ընդամենը ներդրումային միջավայրի խնդիր է, պետական կառավարման նկատմամբ վերաբերմունքի․ իրենք շատ լավ հասկանում են, որ ՀԷՑ-ի գործով ուղղակի ներդրողներին ասում են, որ չգա՛ք հանկարծ այստեղ, հնարավոր չէ այդպիսի բան, որ այս փորձն ունենալով՝ ինչ-որ խոշոր ներդրող գա, այստեղ ներդրում կատարի»,- պարզաբանել է նա։
Նախկին տնօրենն ասում է՝ ՀԷՑ-ի պետականացում, որպես այդպիսին, գոյություն չունի, կան խլելու փորձեր։
«ՀԷՑ-ի իրական արժեքը, ինչպես միշտ նշել եմ, մինչև 1 միլիարդ դոլար է, մեր պետությունը չունի այդ հնարավորությունը։ Ընդհանրապես՝ պետականացնել հասկացությունը լինում է այն երկրներում, որոնք ունեն խիստ խնդիր ներդրումների հետ կապված։ Այս պարագայում հայտարարել, որ ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսական վիճակում, որ արժեքը շատ փոքր լինի և պետությունը կարողանա դա ձեռք բերել, դա «ռեյդերսկի զախվատ» է։ Չասեն ռուսերեն է խոսում, բայց իշխանությունների կողմից ամենատիպիկ դա է նշանակում։ Չկա պետականացում հասկացություն, դա իրենց փոքրիկ խմբակի ընտրողներին ուղղակի ցույց տալն է, որ մենք, իբրև թե, հարուստ մարդուց վերցնում ենք ինչ-որ բան»,- շեշտել է նա։
Դատավոր Լիլիթ Սադոյանի խոսքով՝ դատարանը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պետական սեփականությանը հանձնելու գործով Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությունը։ Նման դիմումի համար հիմքեր այս պահին չկան, սակայն դատարանը կարող է նախաձեռնել այն հետագայում։ Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ի փաստաբանները խնդրել են փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար, թե գործով ո՞ր տվյալներն են բացակայում և արդյոք դրանք ենթակա՞ են վերականգնման։ Այս միջնորդության վերաբերյալ դատարանը որոշում չի կայացրել, նիստը հետաձգվել է։
Մեկնաբանելով իշխանությունների հայտարարություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ էներգահամակարգերի հնարավոր ինտեգրման վերաբերյալ՝ Ղազինյանը նշել է, որ նման գործընթացները թույլ ներդրումային միջավայրի պայմաններում կարող են լրացուցիչ ռիսկեր պարունակել։
Ըստ Ղազինյանի՝ դատարանը մերժել է իրենց կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին և ՀԾԿՀ հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին որպես վկա ներգրավելու միջնորդությունը։
«Չգիտեմ՝ ինչ հիմքով է դա արվել, բայց պնդում եմ, որ նրանց ներկայությունն այստեղ միանշանակ անհրաժեշտ էր։ Առաջինը՝ որպես կառավարիչ՝ իր պարտականությունների և իրավունքների շրջանակից դուրս հայտարարություններ կատարելու համար, իսկ երկրորդը՝ որպես այդ կառավարչին նշանակած և միանձնյա վարույթ հարուցած պաշտոնյա»,- նշել է նա։
Ղազինյանը նաև ընդգծել է, որ հակառակորդ պետությունները «կցանկանային այստեղ ունենալ իշխանություն և այդ իշխանության միջոցով ներդրումներ իրականացնել»։ Միևնույն ժամանակ՝ նշել է, որ խոսքը բնականոն ներդրումային միջավայրի ձևավորման անհրաժեշտության մասին է։
Նրա խոսքով՝ ներկա պայմաններում Հայաստանը չի կարող ապահովել նման մթնոլորտ, սակայն հունիսի 7-ի («Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթանակի դեպքում-AT) խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կարող է փոխվել՝ հաշվի առնելով վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի «կապերն ու հեղինակությունը»։
ՀՀ խորհրդարանը 2025 թվականի հուլիսի 3-ին ընդունել էր մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող ՀԷՑ-ը պետության վերահսկողության տակ վերցնելուն։ Դատարանը մերժել էր ընդդիմադիր պատգամավորների՝ 2025 թվականի հուլիսին ՍԴ ներկայացրած դիմումը, որով վիճարկում էին ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։
2025 թվականի նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան՝ չնայած Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերի արգելքին։ Ընկերությունը պատկանում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանին, որը կալանավորվել էր եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո: Կարապետյանի ընտանիքը միջազգային արբիտրաժում պահանջում է 500 մլն դոլարի փոխհատուցում՝ կապված ՀԷՑ-ի իրավիճակի հետ։





































