Դատարանը մերժել է ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դեմ ներկայացված հայցը, հայտնել է ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Ալոյանը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ՀԷՑ-ի լիցենզիան կմնա դադարեցված:
Վարչական դատարանը մարտի 23-ին շարունակել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության լիցենզիայի դադարեցման հարցով վարույթի քննությունը։ Ալոյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատական նիստերի ընթացքում հերքվել են ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու բոլոր 7 հիմքերը, որոնք ներկայացվել էին 2025-ին։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը 2025 թվականի հունիսին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ Նոյեմբերին, սակայն, ՀԾԿՀ-ն դադարեցրել էր ՀԷՑ-ի լիցենզիան։

























