Դուբայի միջազգային օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են, երբ մոտակայքում գտնվող վառելիքի բաքը վնասվել է անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ԱՄԷ կառավարությանը:
Հաղորդագրության համաձայն՝ Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես նախազգուշական միջոց՝ բոլոր ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար:
Ուղևորներին խորհուրդ է տրվում կապվել իրենց ավիաընկերությունների հետ՝ թռիչքի մասին տեղեկություններ ստանալու համար: Ավելի ուշ հրդեհը հաջողությամբ տեղայնացվել է, սակայն իշխանությունները չեն հայտնել, թե երբ կվերսկսեն թռիչքները։
Ինչպես նշել է Buissnes insider-ը՝ պայթյունի պահին Դուբայի օդային տարածքում արդեն իսկ գտնվող չվերթերը DXB օդանավակայանի փոխարեն ուղղվել են դեպի Ալ Մակտում։ Մեծ Բրիտանիայից և Հնդկաստանից Դուբայ ուղևորվող Emirates-ի չվերթերի քարտեզների համաձայն՝ նրանք կատարել են շրջադարձեր և վերադարձել իրենց սկզբնական օդանավակայաններ։
Armenia Today-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից տեղեկացավ, որ դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ ԱՄԷ-ի 3 չվերթ է չեղարկվել, 4-ը՝ կմեկնարկի ուշացումով։
Երևանից Շարժա (G9 247) և Աբու Դաբի (3L 442) քաղաքներ նախատեսված առավոտյան չվերթերը կմեկնարկեն ուշացումով։ Դուբայի օդանավակայանից առավոտյան նախատեսված 2 թռիչք դեպի Երևան կմեկնարկի ուշացումով (FZ 718 և EK 2207)։ Շարժայից 2 (G9 247 և G9 245), իսկ Աբու Դաբիից 1 (3L 442) թռիչք չեղարկվել է։ Դեպի Դոհա (Կատար) գիշերային մեկ չվերթ (QR 286) չեղարկվել է։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր հարվածներ են հասցնում Իրանին։ Հարձակումների հետևանքով զոհվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Թեհրանը պատասխանել է՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին հարվածներ հասցնելով: Մերձավոր Արևելքի երկրներում, այդ թվում՝ ԱՄԷ-ում, մի շարք չվերթեր չեղարվել էին: Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ մարտի 7-ին իրանական անօդաչու թռչող սարք էր խոցվել, ինչի հետևանքով օդանավակայանը կրկին դադարեցրել էր գործունեությունը։






































