Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի մի խումբ քահանաներ հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չեն կարող ճանաչել կարգալույծ Արման (Գևորգ-խմբ.) Սարոյանին՝ որպես թեմի առաջնորդ:
Այս հայտարարությունն արվել է՝ ի պատասխան դատարանի միջանկյալ որոշման, որը նրանց պարտադրում է որպես թեմի առաջնորդ ճանաչել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոս Սարոյանին։ Հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն անհամատեղելի է եկեղեցու կանոնական կյանքի և իրենց քահանայական ծառայության հետ:
«Երբ եպիսկոպոսը կարգալույծ է հռչակվում իրավասու եկեղեցական իշխանության կողմից և վերադառնում աշխարհական կարգավիճակի, զրկվում է եպիսկոպոսական իշխանություն իրականացնելու իրավունքից: Այդ իրողությունը չի կարող փոփոխվել որևէ աշխարհիկ որոշմամբ»,- ընդգծել են հոգևորականները:
Վերջիններս հիշեցրել են, որ Հայաստանի օրենսդրությունը և միջազգային կոնվենցիաները երաշխավորում են եկեղեցու ինքնակառավարման իրավունքը, և պետությունն իրավասու չէ միջամտել ՀԱԵ ներքին կյանքին:
«Այս ամենով պայմանավորված՝ հայտարարում ենք, որ մեր կողմից դատարանի որոշման իրականացումն առարկայորեն դառնում է անկարելի։ Անկախ մեր դեմ գործադրվող տարատեսակ ճնշումներից՝ չենք կարող ընդունել աշխարհիկ իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական, հակականոնական և հակաօրինական պարտադրանք»,- եզրափակել են թեմի հոգևորականները:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել վեհափառի ելքը Հայաստանից։





































