«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Tashir Arena-ում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է կուսակցության թիմի կողմից մշակված Mr. Ուժ արհեստական բանականությամբ աշխատող չատ բոտը։
Նրա խոսքով՝ թվային օգնականն ստեղծվել է օգտատերերին կուսակցության ծրագրին, երկրի զարգացման տեսլականին և հիմնական նախաձեռնություններին ծանոթացնելու համար։ Բոտը գործում է որպես ինտերակտիվ օգնական և ավտոմատ պատասխանում է հարցերին։
Արհեստական բանականությամբ աշխատող բոտի շնորհանդեսում նշվում է, որ այն նախագծված է որպես հաղորդակցման և տեղեկատվական գործիք, և դրա պատասխաններն ստացվում են ավտոմատ կերպով և կուսակցության պաշտոնական հայտարարությունները չեն։
2025-ին եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո կալանավորված, հետո տնային կալանքի տակ գտնվող «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հունվարին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր Կարապետյանի կողմից առաջարկված տնտեսական զարգացման հայեցակարգը։




































