«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է, հայտնել է շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը:
««Ուժեղ Հայաստան» կուսակցության ուժեղ թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը, իսկ ցուցակը կառաջնորդի Նարեկ Կարապետյանը, ով անցումային ղեկավարի կարգավիճակով հանդես կգա և կապահովի նորընտիր Ազգային ժողովի ձևավորման ընթացքում անցումային տեխնիկական իրադարձությունների զարգացումը»,- նշել է Մելոյանը:
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը փետրվարի 12-ին պաշտոնապես ներկայացրել էր գործարար Կարապետյանին՝ որպես վարչապետի իր թեկնածու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Նրա եղբորորդին համագումարի ժամանակ հայտարարել էր, որ եթե կուսակցությունը հաղթի ընտրություններում, կնախաձեռնի օրենսդրական փոփոխություն՝ Սահմանադրության 148-րդ հոդվածում ամրագրված պահանջները փոփոխելու համար: Գործող Սահմանադրության համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է նախորդ չորս տարիների ընթացքում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես բնակվի երկրում:
Փաստաբան և «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պարզաբանել էր, որ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է իրականացնել Ազգային ժողովի կողմից՝ առանց հանրաքվեի դիմելու:



































