Ամերիկյան ներդրումների ավելի քան 13 մլրդ դոլար հնարավոր հոսքը Հայաստան կարող է քաղաքական և տնտեսական լուրջ գործոն դառնալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, գրում է Bloomberg-ը՝ ներդրումային ակնկալիքները կապելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երկիր կատարած այցի և այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
Գործակալությունը նշում է, որ հայտարարված նախագծերի մասշտաբները համադրելի են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի գրեթե կեսի հետ: Դա, Bloomberg-ի գնահատմամբ, կարող է ամրապնդել իշխանությունների դիրքերը հունիսի 7-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Փորձագետներն ընդգծում են, որ այդ ծրագրերի իրականացման առանցքային պայմանը մնում է երկարաժամկետ քաղաքական և տնտեսական կայունությունը:
Bloomberg-ը հատուկ ուշադրություն է դարձնում էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաձայնագրերին, որոնք դիտարկվում են որպես երկրում ամերիկյան տնտեսական ներկայության ընդլայնման հիմք, ներառյալ՝ ատոմային էներգետիկան և արհեստական ինտելեկտի ոլորտում նախագծերը:
Վենսի՝ փետրվարի 9-10-ը Երևան կատարած այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարություն:





































