Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի և Թուրքիայի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից՝ Ռուսաստանում որոշում է կայացվել առարկայական բանակցություններ սկսել Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապահովեն դրանց միացումն Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Ախուրյան բնակավայրի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին»,- նշել է նա:
Փոխվարչապետի խոսքով՝ վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ և 12,4 կմ: Ինչպես սպասվում է, բանակցությունների ընթացքում կորոշվեն նշված նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ եղանակները:
«Մենք բարձր ենք գնահատում ռուսական փորձի, կոմպետենցիաների և տեխնոլոգիաների հանդեպ վստահությունը, որը կրկին դրսևորեց հայկական կողմը՝ դիմելով Ռուսաստանին»,- շարունակել է Օվերչուկը:
Նշված հատվածների վերականգնումը Ռուսաստանին կապահովի ուղիղ երկաթուղային հաղորդակցության հնարավորություն Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ՝ դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ և Իրանի հետ՝ դեպի Պարսից ծոցի և Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ, ասել է նա:
ՌԴ կառավարության փոխնախագահի խոսքով՝ այդ մեծ խնդրի լուծման համար աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր խախտված ուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ դիտարկվում է Աբխազիայի տարածքով Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը:
«Կովկասում տրանսպորտային-լոգիստիկ կապի ամրապնդումը խիստ կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների խաղաղության, կայունության և տնտեսական բարգավաճման համար։ Ակնկալում ենք տարածաշրջանի բոլոր պետությունների կառուցողական փոխգործակցություն այդ կարևոր ընդհանուր խնդրի լուծման գործում»,- ամփոփել է նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու համար:






































