Հնարավոր է երկրում ստեղծել 300 հազար աշխատատեղ՝ ճիշտ արդյունաբերության և ճիշտ ոլորտներում ներդրումով, «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ կառավարության կողմից ներկայումս իրականացվող շինարարության ամբողջ տնտեսական էֆեկտիվությունը երկարաժամկետ արդյունք Հայաստանում չի թողնում։
«Վարկ ենք վերցնում, մեր քաղաքացիները վարկ են վերցնում, գնում են բնակարան, որի շինարարության ժամանակ հայկական ապրանքներ չեն օգտագործվում»,- ասել է նա։
Շարժման համակարգողը նշել է, որ իրենց ուժը կկառուցի գործարաններ, որպեսզի հայկական շինանյութը կարողանա ապահովել բնակարանաշինության հիմնական հումքի 80-90%-ը։
«Դրանից հետո նոր զարկ կտանք շինարարության աճին, որպեսզի ամբողջ արդյունքը մնա Հայաստանում, հայկական համայնքներում, և ստեղծվեն նոր աշխատատեղեր»,- շեշտել է նա։
Նա նաև նշել է, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում, բացի պետական աշխատանքից, շատ քիչ այլընտրանքներ կան։ Սա, ըստ նրա, ցույց է տալիս, որ Հայաստանը վերջին 35 տարվա ընթացքում որևէ տնտեսական քաղաքականություն չի որդեգրել, բացի Երևանի զարգացումից։ Նա շեշտել է, որ շարժման ծրագրով արդյունաբերությունը հիմնականում զարգանալու է այն մարզերում, որտեղ կա մեծ գործազրկություն՝ Շիրակում, Լոռում, գեղարքունիքում, Կոտայքում։
Հունվարի 20-ին «Մեր ձևով» շարժման համակարգողը ներկայացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկված Հայաստանի տնտեսական զարգացման ծրագիրը՝ հինգ տարվա ժամկետով։ Նա հայտարարել էր, որ Կարապետյանի կուսակցությունն ակնկալում է ամբողջությամբ իրականացնել ծրագիրը, եթե իշխանության գա։ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները շրջում են Հայաստանի մարզերում՝ ներկայացնելով շարժման տնտեսական ծրագիրը։ Արշավի մեկնարկը տրվել էր հունվարի 31-ին՝ Երևանից։ Տնտեսական ծրագրի կետերից առաջինը 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է:






































