ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել է քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային հարցեր՝ շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա, հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նշվում է, որ առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես` դրանց հետևանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին և դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Մատվիենկոն հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկեր է։ «Մենք հետաքրքրված ենք բարեկամության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ։ Սա համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին և զգալի ներդրում է կատարում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման գործում», - ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ցուցադրում է իր կարգավիճակը՝ որպես Հայաստանի հուսալի առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկեր։ Մատվիենկոն շեշտել է խորհրդարանների դերը վիճելի հարցերը լուծելու գործում։ Հաղորդագրության համաձայն, Սիմոնյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը հետաքրքրված է երկխոսությամբ և փոխշահավետ համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում երկարաժամկետ հեռանկարում։
Դաշնության խորհրդի նախագահը նաև հայտնել է ռուս խորհրդարանականների պատրաստակամությունը՝ որպես դիտորդներ մասնակցելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եթե նրանց հայկական կողմը հրավիրի։
Այսօր ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններով և մտադիր չէ քայլեր ձեռնարկել նրա դեմ։





































