Հայաստանը 1-2 ամսից կարող է ապրանքներ արտահանել Ադրբեջան, այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը պատասխանել է հարցին, թե Ադրբեջանի տարածքով ինչո՞ւ են միակողմանի ներկրումներ տեղի ունենում։ Ըստ Թունյանի՝ առևտուրը ոչ թե Ադրբեջանի հետ է, այլ ուրիշ երկրի՝ Ադրբեջանի տարածքով։
«Քանի որ Ադրբեջանին ենք սահմանակից, բնականաբար, առևտուրը տեղի է ունենում այն երկրների միջոցով, որոնց հետ տվյալ երկիրը սահմանակից է։ Ժամանակին չկար այդ հնարավորությունը, հիմա՝ կա»,- մանրամասնել է նա։
Պատգամավորի խոսքով՝ հակառակ ուղղությամբ էլ կլինեն ներկրումներ, դա շուկան է թելադրում, կլինեն ապրանքներ, պահանջարկ կունենան, արտահանում տեղի կունենա։
«Կառավարությունը չի որոշում՝ ինչ ներմուծվի կամ ինչ արտահանվի, կա փոխադարձ հետաքրքրություն որոշ ապրանքատեսակների գծով, երևի մեկ-երկու ամիսների ընթացքում նաև կունենանք հակառակ ուղղությամբ տեղաշարժ։ Խոսքը՝ մետաղական, փայլաթիթեղների մասին է խոսքը, սննդամթերքի որոշ տեսակների»,- ասել է նա:
Թունյանը հավելել, որ եթե առաջարկում են որևէ ապրանք, որն ավելի էժան է՝ գին-որակ հարաբերակցությամբ ավելի ձեռնտու է, բիզնեսը որոշում է գնել։
2025 թվականի նոյեմբերին ռուսական ցորենով բեռնված գնացք էր ժամանել Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն:
Հունվարի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվից դեպի Հայաստան նավթամթերքի 2-րդ խմբաքանակի առաքման մասին։ Վառելանյութի առաջին խմբաքանակն Ադրբեջանից ներկրվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ Հայաստան էր մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով:
Փետրվարի 3-ին Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկով բեռնված երկաթուղային վագոնները հասել էին Հայաստան։





































