Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլ սկսելու վերաբերյալ: Այս մասին փետրվարի 2-ին հայտնել է Iz.ru-ն՝ հղում անելով Fars գործակալության աղբյուրին։
Նշվում է, որ բանակցությունները նվիրված կլինեն բացառապես Թեհրանի միջուկային ծրագրին: Գործակալության տեղեկություններով՝ այս որոշումը հնարավոր է դարձել հանդիպումների 5 փուլից հետո:
«Իրանը բազմիցս ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն պետք է սահմանափակվի միջուկային շրջանակներով և անցկացվի առանց որևէ սպառնալիքի»,- նշել է գործակալությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 31-ին հայտարարել էր, որ չի բացահայտի Իրանի հետ կապված իր ծրագրերը:
Իր հերթին՝ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին փետրվարի 1-ին հայտնել էր, որ երկրին ուղղված ամերիկյան նոր ագրեսիան կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության: Նա նշել էր, որ պետությունը որևէ մեկի հետ ռազմական բախումներ չի սկսում, սակայն հարձակման դեպքում պատրաստ է հզոր հակահարվածի:






































