Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» հայտարարել են Սիրիայի կենտրոնական կառավարության հետ նոր համաձայնագրի մասին, որը նպատակ ունի ամրապնդել հրադադարը և սկսել կողմերի միջև ինտեգրման գործընթաց, հաղորդում է Associated Press-ը:
Սիրիայի ներքին գործերի նախարարությանը կից անվտանգության ուժերը կմտնեն Հասակե և Ղամիշլի քաղաքներ, որից հետո երկու կողմերը կսկսեն միավորել իրենց ռազմական կառույցները:
Ծրագիրը նախատեսում է ուժերի երեք ստորաբաժանումներից բաղկացած նոր բրիգադի ստեղծում և մարտիկների ևս մեկ բրիգադի ստեղծում Հալեպի նահանգի կառավարական ուժերի կազմում: Երկրի հյուսիս-արևելքում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինները նույնպես կինտեգրվեն կառավարական կառույցներին: Համաձայնագիրը նաև ամրագրում է քրդական բնակչության քաղաքացիական և կրթական իրավունքներն ու նախատեսում է տեղահանված անձանց վերադարձ:
Նախկինում կառավարական ուժերն զբաղեցրել էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդերի կողմից վերահսկվող մի քանի տարածք: Դամասկոսը և ՍԴՈւ-ն հունվարի 18-ին ստորագրել էին հրադադարի համաձայնագիր, որը քրդական կառույցները Սիրիայի պետական ինստիտուտներին ինտեգրելու և հյուսիս-արևելքում գտնվող հիմնական տարածքների ու օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը կենտրոնական կառավարությանը փոխանցելու ծրագրի մի մասն է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 28-ին Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպմանը հանդես էր եկել Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին:






































