Սիրիան և քրդական զինված ուժերը համաձայնության են եկել, որով քրդական քաղաքացիական և ռազմական կառույցները կենտրոնական կառավարության վերահսկողության տակ կանցնեն, և վերջ կտրվի մարտական գործողություններին, տեղեկացրել է BBC-ն:
Սիրիական ժողովրդավարական ուժերի ղեկավար Մազլում Աբդին հաստատել է, որ խմբավորումը համաձայնել է հեռանալ արաբական մեծամասնություն ունեցող Դեյր էզ Զորից և Ռաքքայից:
14 կետանոց համաձայնագիրն ստորագրվել է Սիրիայի նախագահի Ահմեդ ալ-Շարաայի և Աբդիի կողմից:
Հունվարի սկզբին Հալեպում բախումներ էին սկսվել Դամասկոսի կառավարական զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Հունվարի 11-ին քրդական ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել էին քաղաքը կրակի դադարեցման և մարդկանց անվտանգ դուրս բերելու մասին պայմանավորվածությունից հետո:
Հունվարի 18-ին Սիրիայի կառավարական ուժերը մտել էին Ռաքքայի ծայրամաս, որը 2017 թվականից ի վեր վերահսկվում էր «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի կողմից, որի մեջ են մտնում նաև քրդական ուժերը:






































