ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունները ապաշրջափակելու համար, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 29-ի կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։
Նա նշել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի մասնակցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Ախուրիկի երկաթուղային հատվածի վերականգնմանը, ապա հայկական կողմը կձեռնարկի նախագիծը։
Վարչապետի խոսքով՝ Երևանն արդեն ներկայացրել է համապատասխան հարցումներ, այդ թվում՝ գրավոր։ Նա չի մանրամասնել, թե արդյոք ստացե՞լ են պատասխան, թե՞ ոչ, բայց նշել է, որ «ընդհանուր առմամբ՝ դրական ազդակներ ստացվում են», և իշխանությունները հույս ունեն՝ գործընթացը կարագանա։
Փաշինյանը հիշեցրել է, որ հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այցելել էին երկաթուղու Երասխ-Սադարակ հատված, այսինքն՝ տարածաշրջանում գործընթացներն ընթանում են, և դրանք կանգնեցնել հնարավոր չէ։
«Նույնը վերաբերում է Ախուրիկի հատվածին։ Եթե ինչ-ինչ պատճառներով Ռուսաստանի մեր գործընկերները չցանկանան այդ ներդրումն իրականացնել, մենք այդ հատվածները հետ կվերցնենք և ինքներս կանենք»,- ընդգծել է վարչապետը։
2025 թվականի դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին գտնվող երկաթուղային հիմնական հատվածները վերականգնելու խնդրանքով։




































