Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ երկարաձգել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Գարեգին քահանա Արսենյանի կալանքը, անհիմն է և անընդունելի, հայտարարել է Արագածոտնի թեմը:
«Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկներին՝ դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով»,- նշված է հայտարարության մեջ:
Արագածոտնի թեմը հորդորել է չընկրկել և չհուսահատվել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 14:30-ին:
Ուժայինները հոկտեմբերի 15-ին խուզարկություններ էին անցկացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև թեմի առաջնորդի, թեմի քահանաների և աշխատակիցների բնակարաններում։ Դրա առիթ էին դարձել Արագածոտնի թեմի Հովհաննավանքի նախկին սպասավոր և կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի կողմից տարածված տեղեկությունները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդումը։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտնել էր երեք անձի, այդ թվում՝ եպիսկոպոսի ձերբակալության մասին։ Թեմի առաջնորդին կալանավորել էին։






































