Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև ապրիլի 24-ը, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հուշահամալիրն այսօր էլ է բաց, որևէ օր չի փակվել։ Ապրիլի 24-ին սկսված աշխատանքներն ավարտված կլինեն»,- ընդգծել է Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում երեք հենասյուների երեսպատման վրա։ Նախարարը նշել է, որ մասնագետների հետ անցկացվել են խորհրդակցություններ, և աշխատանքներն իրականացվում են բարձր որակով։ Նա նաև հավելել է, որ մասնագետները մշտապես ուղեկցում են իրեն՝ անցկացվող ամենշաբաթյա այցելությունների ընթացքում՝ ապահովելով աշխատանքների պատշաճ իրականացումը։
Անդրեասյանը հաստատել է, որ նախարարությունը դատական հայց է ներկայացրել։ Նրա խոսքով՝ այս տեղեկատվությունը հասանելի է Datalex համակարգում։
«Քանի որ դատական գործընթաց է, կգերադասեն չմեկնաբանել։ Իմ պահանջն արտացոլված է, և ես այդ մասին առիթ ունեցել եմ ասելու, որ զրպարտության, միտումնավոր ապատեղեկատվության և մնացած բոլոր հանգամանքների համար մարդիկ պետք է պատասխան տան։ Ակնկալում եմ, որ մեր դատական համակարգը կքննի և վճիռ կկայացնի»,- մանրամասնել է նախարարը։
Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիմնանորոգման աշխատանքների առաջին իսկ օրվանից քննարկումների կենտրոնում է: Քննադատության հիմքում են շինարարական աշխատանքների կազմակերպման ձևն ու դրանց որակը։
Բարձրացված աղմուկից և բողոքի ակցիաներից հետո ԿԳՄՍՆ-ն մինչև սեպտեմբերի 8-ը դադարեցրել էր աշխատանքները, ապա հայտարարել, որ դրանք կվերսկսվեն նախագծի լրամշակումից հետո։ ԿԳՄՍ նախարարը նշել էր, որ յուրաքանչյուր շաբաթ այցելում է հուշահամալիր և աշխատանքներին անձամբ է հետևում։




































