Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չի բացահայտել այն ընկերության անունը, որը պատրաստվում է Հայաստան ադրբեջանական նավթամթերք ներկրել։
Ազգային ժողովում նա լրագրողներին հայտնել է, որ ընկերության անունը չբացահայտելու պատճառն առևտրային գաղտնիքն է։ Պապոյանը չի մանրամասնել և չի հստակեցրել, թե ինչ փուլում են ադրբեջանական նավթամթերք ՀՀ ներկրելու շուրջ բանակցությունները։
Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ «դիտարկում են նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան»։ Դեկտեմբերի 8-ին Պապոյանն «Ազատությանը» տեղեկացրել էր, որ վրացական կողմը դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձի։ Դեկտեմբերի 12-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատել էր, որ Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստան նավթամթերքի արտահանման հարցը։




































