Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը, ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;
Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։
«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։
«Ես նաև կարող եմ մի այլ վիճակագրություն ասել, որ այսօր ենք հաշվել, թե ծայրահեղ ծանր պացիենտների քանի տոկոսն է առողջանում, և քանի տոկոսն է դժբախտաբար մահանում: Այդ առումով էլ մենք բավական լավ ցուցանիշներ ունենք: Մեր 102 «ավարտված» դեպքերից, որոնք կամ առողջացել են, կամ մահացել են, որովհետև ուրիշ ելք չկա ծայրահեղ ծանր վիճակից, ունենք 46 տոկոս մահացություն, 54 տոկոս` առողջացում, ինչը իհարկե ես համարում եմ լավ ցուցանիշ»,-ասել է Արսեն Թորոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



