Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում:
Զոհրաբ Մնացականյանն ու Լորա Քուփերը նշել են, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու և դիտարկելու այն հնարավորությունները, որոնք թույլ կտան առավել ամրապնդելու և ընդլայնելու համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Զոհրաբ Մնացականյանն ու Լորա Քուփերը բարձր է գնահատել ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի և Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակում: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու և ընդլայնելու իր ներդրումը խաղաղության պահպանման գործում:
Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները:
Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Արցախյան հակամարության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում իրականացրած գործունեությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



