Այս պահին ունենք բավականին լավ համաճարակային իրավիճակ։ Երեկ գրանցվել է 129 նոր դեպք՝ 6685 թետավորումից, և մահվան 15 դեպք։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ համաճարակային այսպիսի իրավիճակը կպահպանվի։
Նախարարը տեղեկացրեց, որ սեկվենավորման արդյունքներով դեռ Հայաստանում «օմիկրոն» շտամ հայտնաբերված չէ, պարբերաբար Հայաստան ժամանած քաղաքացիներից վերցված նմուշները հետազոտվում են։
Նախարարի խոսքով՝ պատվաստումները բավական բարձր շեմ են ապահովում։ «Սա նշանակում է, որ մեր որդեգրած քաղաքականությունը ճիշտ է»,- նշեց Ավանեսյանը։
Նրա տվյալներով՝ Հայաստանում իրականացվել է ընդհանուր 1 591 809 պատվաստում, 920 650 քաղաքացի ստացել է առաջին, իսկ 670 710 քաղաքացի՝ երկրորդ դեղաչափ։ Երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացել է մոտ 500 քաղաքացի։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չնայած այն բանին, որ վերջին ալիքը Հայաստանում սահուն հաղթահարվեց, հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է, դրա համար էլ պատվաստումային խնդիրները պետք է կատարել սովորական ընթացքով։
«Ես ինքս երրորդ դեղաչափ պատվաստում ընդունել եմ և խորհուրդ եմ տալիս ընդունել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որոշ երկրներում չորրորդ դեղաչափի հարցն են քննարկում։
Խոսելով պատվաստանյութերի ձեռքբերման համար նախատեսված գումարի հատկացման մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ երկար ճանապարհ են անցել մինչև Pfizer-ի 200 000 դեղաչափի ստացման գործընթացը, բացի այդ, ակնկալում են նաև նվեր խմբաքանակ։ Համապատասխան պայմանագրերը կստորագրվեն վաղը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



