ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնաբանել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Մհեր Դավիդյանցի՝ վարչապետի մոտ նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությունը։ Դավիթյանցն իր ելույթում նշել էր, որ կլինիկան կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված է փետրվարից, մինչդեռ Հայաստանում վարակի առաջին դեպքը գրանցվել է մարտին:
Կլինիկայի ղեկավարի խոսքերին անմիջապես արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արձանագրենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին, մինչ այդ կորոնավիրուսի դեպքեր չենք ունեցել»,-ընդգծել է վարչապետը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ալինա Նիկողոսյանի մեկնաբանությունում նշվում է, որ մի շարք լրատվամիջոցներ փորձում են Դավիթյանցի խոսքերից եզրակացնել, որ կորոնավիրուսի դեպքեր Հայաստանում գրանցվել են փետրվարից:
Նիկողոսյանն ընդգծել է, որ կլինիկայի ղեկավարը երկու անգամ ասել է, որ հիվանդանոցը հիվանդության դեմ պայքարում ներգրավված է արդեն շուրջ 4 ամիս: «Իսկ իրականում, դեռ փետրվարից Հայաստանում կատարվել է թեստավորում, մասնավորապես այն երկրներից եկած մարդիկ, որտեղ վիրուսը առկա է եղել` թեստավորվել են: Դրանք եղել են բաց և հրապարակվել են»,-նշել է Նիկողոսյանը։
Նա նաև հավելել է, որ կասկածելի դեպքերը կրկին փետրվարի սկզբից ինֆեկցիոնում են հոսպիտալացվել, իսկ առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է մարտի 1-ին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



