Հանրապետությունում համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում․ երեկ արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 697 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ իրավիճակն այժմ այնպիսին է, որ կան մարդիկ, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ժամանակին չեն կարողանում նրանց հոսպիտալացնել։
Փաշինյանը հայտնեց, որ երեկ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 6 մահ, ևս 9 քաղաքացի վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն մահը գրանցվել է այլ պատճառներով։
«Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների 75 տոկոսն ասիմպտոմ են։ Ասիմպտոմներին էլ պետք է բաժանենք երկու խմբի՝ մարդիկ, ովքեր գիտեն, որ իրենք վարակակիր են, և մարդիկ, ովքեր չգիտեն, որ վարակակիր են։ Երկրում կա առնվազն 20, 25 30 հազար ասիմպտոմ հիվանդ, ովքեր չգիտեն, որ իրենք վարակակիր են, և նրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ վարակի աղբյուր։ Ուստի, վարակի տարածումը կանխելու լավագույն տարբերակը հակահամաճարակային կանոնների պահպանումն է», -ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



