ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստինե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջույնի խոսքում ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների հետ Կառավարության համագործակցության բարձր մակարդակը՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրոպայի Խորհրդը:
Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ նախարարության դիմումին արձագանքելու և կարծիքի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ռաֆիկ Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամներին ներկայացրել են դատավորների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվելիք իրավական ընթացակարգերը, ինչպես նաև նախագծերի փաթեթի տարբեր կարգավորումներին առնչվող այլ մասնագիտական հարցերը:
Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի պատվիրակության այցի և դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակն է դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



