eBay հարթակում վաճառքի է դրված հայկական արմատներով լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի մահվան 80-ամյակին նվիրված արծաթե հուշադրամների հավաքածուն, որն ամբողջությամբ կեղծ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Արծաթե հուշադրամների հավաքածուն բաղկացած է 9 հուշադրամներից, որոնց վրա առկա են ՀՀ զինանշանը, 100 դրամ անվանական արժեքը և հայերենով գրառումներ։
Համաձայն ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության՝ տվյալ հուշադրամները չեն հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկի թողարկումը, հետևաբար, կեղծ են։ Նախաձեռնվել են անհրաժեշտ միջոցառումներ կեղծարարներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
«Հայտնում ենք, որ 2010 թվականին ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է «Թեոդոր Աքսենտովիչ» մեկ տեսակի արծաթե հուշադրամ, որի թողարկման ամբողջ խմբաքանակը սպառվել է»,- ասված է ՀՀ ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշադրամների մասին տեղեկությունները զետեղված են ԿԲ կայքում՝ https://www.cba.am/am/SitePages/nccommemorativecoins.aspx# հղման ներքո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



