Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են Կառավարության տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից։
Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք մտածենք կորոնավիրուսի դեմ մեր պայքարի և գործողությունների մեջ որոշակի սրբագրումներ անելու մասին: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ ընթացքի մեջ չփոխենք՝ մայիսի վերջին կունենանք մոտավորապես 10 հազար հիվանդ, այսինքն՝ դրական ախտորոշված պացիենտ, իսկ հունիսի կեսերին արդեն այդ թիվը կարող է հասնել 20 հազարի: Ինչը նշանակում է, որ մենք պետք է ձեռնարկենք ոչ այնքան այլ միջոցներ, այլ նորից պետք է վերանայենք մեր կիրառած միջոցառումների և առավել ևս դրանց կիրառման որակը և ծավալը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ պարետատան մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ կորոնավիրուսի առկայությամբ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով: Նիկոլ Փաշինյանն, այնուհանդերձ մտահոգություն է հայտնել, որ դեռ ամբողջական վստահություն չկա, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում հնարավոր կլինի պահել այդ մարտավարությունը:
Վարչապետի խոսքով, ընդհանուր առմամբ, այս շրջանում հաճախ է խոսվում, քննարկվում և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված վիճակը համեմատության մեջ դրվում մի շարք այլ երկրների հետ ու զուգահեռներ անցկացվում: «Դա, իհարկե, հասկանալի համեմատություն է, բայց ուզում եմ ասել, որ համեմատություն անելիս պետք է ելնել և դիտարկել ամբողջական պատկերը: Ի սկզբանե մեր մարտավարությունը եղել է հետևյալը. միջոցառումներն իրականացնել այնպես, որ դրանք լինեն մաքսիմալ հավասարակշռված՝ տնտեսական ճգնաժամի կառավարման տեսակետից, առողջապահական ճգնաժամի կառավարման տեսակետից և սոցիալական ճգնաժամի կառավարման տեսակետից»,-նշել է նա՝ հավելելով, որ, այնուհանդերձ, Կառավարությանը հաջողվել է երկրում պահել ֆինանսատնտեսական կայունություն։ «Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք մեր մարտավարությունը և պետք է տնտեսական խնդիրը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ամենևին չթերագնահատենք ի հակադրություն առողջապահական խնդիրների: Բայց մյուս կողմից առողջապահական խնդրի չլուծումը և սրացումը կարող է իր հերթին ավելի խորացնել տնտեսական խնդիրները և ավելի դժվարացնել դրանց լուծումը»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ նիստի ընթացքում կքննարկեն առկա իրավիճակը, նաև կփորձեն հասկանալ հետագա անելիքներում ինչ կոնկրետ սրբագրումներ պետք է անել: Խոսքը ներկայումս որդեգրված ապակենտրոն և ապակենտրոնացված պայքարի արդյունավետության մասին է, երբ հնարավորինս շատ ուժեր և քաղաքացիներ ներգրավված լինեն անհատական պատասխանատվության մակարդակում կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։
Նշվել է, որ թեստավորման ծավալներն ավելացնելու արդյունքում հնարավոր է դարձել վարակման դեպքերը հնարավորինս վաղ հայտնաբերել, բուժման արդյունքում չթողնելով, որպեսզի հիվանդների մոտ առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա:
Նիստում քննարկման առարկա են դարձել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքներին, մասնավորապես, համաճարակաբանական խնդրի կառավարելիությանը, վերահսկողության մեխանիզմներին և այլ հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



