ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց՝ նախարարությունը 100.000 դրամի դիմաց կորոնավիրուսը որպես մահվան պատճա է ներկայացնում։
«Ուզում եմ անդրադառնալ մի թեմայի, որը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է։ Խոսքը վերաբերում է նրան, որ «Հարազատներին առաջարկում են 100 000 դրամ, որպեսզի ինչ-որ թուղթ ստորագրեն, որ մարդը մահացել է կորոնավիրուսից»,-գրել է խոսնակն իր ֆեյսբուքյան էջում։
Նա հայտնել է, որ նման լուրեր տարածողներ կարելի է գտնել նախարար Արսեն Թորոսյանի, ինչպես նաև նախարարության ֆեյսբուքյան մեկնաբանություններում։
«Անհասկանալի այս լուրերի հետևից փորձել ենք գնալ, սակայն գրառումներ կատարողներից որևէ արձագանք չենք ստացել և չենք գտել սկզբնաղբյուրը»,-նշել նա՝ հավելելով, որ գրառումների մեծ մասն արվում են հիմնականում ֆեյք էջերից և ներկայացրել է այդպիսի էջերից մեկի գրառման սքրինշոթը։
Խոսնակը հերքել է նման լուրերի իսկությունը և հայտնել, որ մահը գրանցելու պահից մինչև դին հարազատներին հանձնելու գործընթացը վերահսկվում է նախարարության կողմից։
«Անհասկանալի է նաև, թե ո՞րն է պետության շարժառիթը՝ չհիմնավորված մահեր ունենալու և վիճակագրությունն «ուռճացնելու»։ Կան մարդկանց որոշակի խմբեր, որոնք օգտվում են իրավիճակից և առիթը բաց չեն թողնում շարունակաբար վարկաբեկելու առողջապահության նախարարության կատարած աշխատանքը»,-նշել է նա։
Հետգրության մեջ Նիկողոսյանը նշել , որ եթե, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր դեռ պնդում են, որ այդ երևույթը կա մեզանում, կարող են ներկայացնել ապացույցներ։
https://www.facebook.com/photo.php?fbid=2594256730676104&set=a.547725875329210&type=3&theater
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



