Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու աշխատանքների մոտ 60%-ն արդեն կատարված է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 160 մլն դոլարին համարժեք դրամ։
Երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը լրացել էր 2016 թվականին, որից հետո այն երկարաձգվել էր տասը տարով։ Վարչապետի խոսքով՝ այդ նպատակով նախատեսված տեխնիկական միջոցառումներն իրականացվել են ամբողջությամբ։ Ժամկետը երկրորդ անգամ՝ 2026-ից մինչև 2036 թվականը երկարաձգելու համար նախատեսված լրացուցիչ աշխատանքները շարունակվում են։
Փաշինյանը նաև ընդգծել է նոր միջուկային էներգաբլոկ ունենալու անհրաժեշտությունը, որը կփոխարինի գործողին՝ այն շահագործումից դուրս բերելուց հետո։
«Նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ տարվում են աշխատանքներ, և հույս ունենք, որ 2027 թվականին այդ հարցում կունենանք որոշակիություն»,- ասել է վարչապետը։
Նա կարևորել է ատոմակայանի դերը երկրի անխափան էլեկտրամատակարարման և անվտանգության ապահովման գործում՝ բարձր գնահատելով կայանի անվտանգության մակարդակի բարձրացման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը։
Փաշինյանը փետրվարի 11-ին հայտարարել էր, որ ատոմակայանի գործունեության ժամկետը 2036 թվականից հետո ենթադրվում է երկարաձգել ևս 10 տարով։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը 153 օր տևած վերանորոգումից հետո սեպտեմբերի 1-ին վերագործարկվել էր և միացվել էներգահամակարգին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







