Ռեժիսոր Դևիդ Ֆինչերի The Further Mis-Adventures of Cliff Booth ֆիլմը՝ Բրեդ Փիթի և հայազգի դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ, նոյեմբերի 25-ից ցուցադրվում է աշխարհի IMAX կինոթատրոններում, հայտնել է Netflix-ը։ Ֆիլմը հարթակում հասանելի կդառնա դեկտեմբերի 23-ին։
IMAX կինոթատրոններում ֆիլմը կցուցադրվի երկու շաբաթ։ Սցենարի հեղինակը Քվենտին Տարանտինոն է։ Փիթը կրկին մարմնավորում է Քլիֆ Բութին՝ 2019 թվականի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի իր հերոսին։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1977 թվականի Լոս Անջելեսում՝ նախորդ պատմության իրադարձություններից ութ տարի անց։ Բութն աշխատում է որպես բարմեն և կինոմեխանիկ, միաժամանակ զբաղվում է Հոլիվուդի ներկայացուցիչների խնդիրների լուծմամբ՝ երբեմն դիմելով անօրինական մեթոդների։
Պատմությունը նոր ընթացք է ստանում, երբ Բութին դիմում է հեռուստաաստղ Չարլի Փիթերսի գործակալը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էլիզաբեթ Դեբիկին, Սքոթ Քաանը, Կառլա Գուջինոն, Յահյա Աբդուլ-Մաթին Երկրորդը, Փիթեր Ուելլերը և Քորի Ֆոգելմանիսը։ Կարագուլյանի մարմնավորած կերպարի մանրամասները Netflix-ը չի բացահայտել։ Ֆիլմի տևողությունը 2 ժամ 23 րոպե է։
Կարագուլյանը հայտնի է ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմում Թորոսի դերակատարմամբ։ Ֆիլմը 2025 թվականին արժանացել է «Օսկարի» հինգ մրցանակի, այդ թվում՝ լավագույն ֆիլմի և լավագույն ռեժիսորի անվանակարգերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







