Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա հանդիպմանը կքննարկեն անվտանգության և Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցերը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Նրա խոսքով՝ բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը լինելու է հայկական կողմի ընտրությունը։
«Հիմնականում, իհարկե, օրակարգում կլինի այն ընտրության հարցը, որը կատարում է հայկական կողմը։ Կկատարի՞ արդյոք այդ ընտրությունը, ե՞րբ և ինչպե՞ս։ […] Բացի այդ, կան նաև անվտանգության հարցեր, անշուշտ, կանդրադառնանք նաև մեր ռազմաբազայի հարցին»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, եթե Երևանը դրա կարիքը չունի։ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ռուսական ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, իսկ դրա ներկայությունը «ոչինչ չի ավելացնում» երկրի անվտանգությանը։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ Հայաստանը ռազմաբազայի դուրսբերման հարց չի բարձրացրել։
ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, Երևանը փորձում է ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը դնել Մոսկվայի վրա։ Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը 2010 թվականին ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգել էին մինչև 2044 թվականը։
Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում տարբեր դիրքորոշումներ էին հայտնել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ Պուտինը Երևանին կոչ էր արել արագացնել ընտրությունը, իսկ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրություն կատարելու ժամանակը դեռ չի հասունացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







