Գլխավոր մարզչի պաշտոնակատար Ժորա Հարությունյանի գլխավորած ղազախական «Կայրաթը» նոյեմբերի 26-ին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի չորրորդ տուրում սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է շվեդական «Մյելբյուին», հայտնում է «Կուրսիվը»։
Հարությունյանը «Կայրաթի» գլխավոր մարզչի պաշտոնակատարն է այն բանից հետո, երբ ակումբը հոկտեմբերի 26-ին հայտնել էր գլխավոր մարզիչ Ռաֆայել Ուրազբախտինի հրաժարականի մասին։ Մինչ այդ Հարությունյանը գլխավորել էր «Կայրաթ-Ժաստար» թիմը։
Հանդիպման միակ գոլը 14-րդ րոպեին խփել է Երկին Տապալովը՝ Մարկ Գուալի փոխանցումից հետո։ Հարությունյանն առաջին անգամ էր «Կայրաթը» ղեկավարում սեփական հարկի տակ։
Այս հաղթանակից հետո թիմը չորս խաղում ունի հինգ միավոր։ Նախորդ երեք հանդիպումներում «Կայրաթը» ոչ-ոքի էր խաղացել «Ռիգայի» և «Ատալանտայի» հետ՝ երկու դեպքում էլ 1։1 հաշվով, իսկ «Պանաթինաիկոսին» պարտվել էր 1։5 հաշվով։
Մինչև ղազախական ակումբի հետ հանդիպումը շվեդական թիմը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում պարտություն չէր կրել՝ գրանցելով երկու հաղթանակ և մեկ ոչ-ոքի։
Հաջորդ խաղում՝ դեկտեմբերի 10-ին, ղազախական ակումբը կընդունի ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







