Բաթումիի Batumi Arena մարզադաշտում նոյեմբերի 26-ին թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև Եվրոպա լիգայի հանդիպումից առաջ բախումներ են տեղի ունեցել թուրք երկրպագուների և ոստիկանների միջև, հայտնում է NewsGeorgia-ն։
Իրավապահները արցունքաբեր սփրեյ են կիրառել։ Առնվազն մեկ երկրպագու տուժել է։
Բախումների պատճառը, ենթադրաբար, Պաղեստինի դրոշն է դարձել։ Թուրքական ԶԼՄ-ների տարածած կադրերում երևում է, թե ինչպես են երկու երկրպագուներ տրիբունայում պարզում Պաղեստինի դրոշը, որից հետո ոստիկանները մոտենում են նրանց և վերցնում դրոշը։ Երկրպագուների և իրավապահների միջև քաշքշուկ է սկսվում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ երկրպագուները նաև քարեր, շշեր և նստատեղեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Սոցիալական ցանցերում տարածվել են նաև մարզադաշտի մոտ տեղի ունեցած բախումների կադրեր։
Տուժածների և ձերբակալվածների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռևս չկան։
«Բեշիքթաշը» և Բեեր Շևայի «Հապոելը» Բաթումիում հանդիպում են Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի հինգերորդ տուրի շրջանակում։ Հանդիպումը մեկնարկել է նախատեսված ժամին՝ 21։45-ին, սակայն 20-րդ րոպեին ընդհատվել է անկարգությունների վերսկսման պատճառով։
Սկզբում հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Ստամբուլում, սակայն Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) փոխել էր հանդիպման անցկացման վայրը, երբ Թուրքիայի իշխանություններն անվտանգության նկատառումներով հայտնել էին խաղի անցկացումն ապահովելու անհնարինության մասին։ Շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններից հետո հանդիպման անցկացման վայր էր ընտրվել Բաթումին։
Հանդիպման տեղափոխումը տեղի է ունեցել Գազայի հատվածում պատերազմի պատճառով Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների սրման ֆոնին։
Batumelebi պարբերականի տվյալներով՝ ստամբուլյան ակումբին աջակցելու նպատակով Թուրքիայից Բաթումի է ժամանել 15 հազար երկրպագու։ Քաղաքում անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկվել։ Բաթումիի փողոցներում և մարզադաշտի մոտ մի քանի հազար ոստիկան է տեղակայվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







