ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր պատերազմից և, իր ձևակերպմամբ, «Եռաբլուրի» ընդլայնումից խուսափելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Անկախության հռչակագրի գաղափարներից, ընդունի նոր Սահմանադրություն և հավատարիմ մնա Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքներին։ Փաշինյանի ճեպազրույցի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Փաշինյանը հայտարարել է, որ արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշելիս պետք է առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի սկզբունքներով, որպեսզի «Եռաբլուր» զինվորական պանթեոնը չընդլայնվի։ Արցախցիների կենսաչափական անձնագրերում, որպես ծննդավայր, նշվում է Ադրբեջանը։
Նա հակադրել է խաղաղության համաձայնագրի դրույթներով առաջնորդվելը և «Եռաբլուրի» ընդլայնումը՝ դա ներկայացնելով որպես քաղաքական ընտրության հարց։
«Կա՛մ «Եռաբլուրը» պիտի ընդլայնվի, կա՛մ պետք է հավատարիմ մնանք խաղաղության նախաստորագրված սկզբունքներին»,- ասել է նա։
Փաշինյանը «Եռաբլուրի» հարցը կապել է նաև Հայաստանի անկախության հռչակագրի և Արցախյան շարժման հետ՝ պնդելով, որ դրանց հիմքում ընկած գաղափարներով առաջնորդվելու դեպքում նոր զոհերն անխուսափելի են։
«Եթե մենք մնում ենք Անկախության հռչակագրի նարատիվների ներքո, «Եռաբլուրի» ընդլայնումն անխուսափելի է»,- հայտարարել է վարչապետը։
Նրա պնդմամբ՝ այդ դեպքում չի փոխվելու նաև զոհերի թիվը, տարբերությունն այն է, թե ինչ ժամանակահատվածում կգրանցվեն այդ զոհերը՝ 44 օրո՞ւմ, հի՞նգ, թե՞ 20 տարում։
Վարչապետը նաև պնդել է, որ Հայաստանի առաջին ղեկավարն է, որի կառավարման ընթացքում երկու տարի ութ ամիս «Եռաբլուրի» ընդլայնում տեղի չի ունեցել։ Նա այդ հանգամանքը «բացառիկ և աննախադեպ» է համարել՝ պնդելով, որ նախկինում Հայաստանը նման ժամանակահատված չի ունեցել։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ Փաշինյանը այս հայտարարությամբ հաստատել է, որ արցախցիների անձնագրերում, որպես ծննդավայր, «Ադրբեջան» նշելը զուտ քաղաքական որոշում է։
Նրա խոսքով՝ վարչապետի հայտարարությունը հերքում է Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ այդ որոշումը Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտներով հիմնավորելու փաստարկները։
Բեգլարյանն առաջարկել է երեք այլընտրանքային լուծում։ Առաջինը՝ ծննդավայրի դաշտում ծննդյան վկայականում ամրագրված պետության անվանումը՝ ԽՍՀՄ, Հայաստան կամ ԼՂՀ նշելն է՝ հաշվի առնելով, որ վերջինը ներառված չէ ISO ստանդարտում։
Երկրորդ տարբերակը ծննդյան վկայականին համապատասխան միայն բնակավայրի անվանումը նշելն է՝ առանց ադրբեջանական տեղանունների օգտագործման, իսկ երրորդը՝ ծննդավայրի դաշտը դատարկ թողնելը։
Բեգլարյանի պնդմամբ՝ երեք տարբերակն էլ համապատասխանում է միջազգային նորմերին և պրակտիկային։ Նա առաջարկել է քաղաքացիներին հնարավորություն տալ ինքնուրույն ընտրելու այդ տարբերակներից որևէ մեկը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու որոշումը հիմնավորել էր միջազգային չափորոշիչներով և սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) փորձագետների հետ խորհրդակցելուց հետո։ Մինչդեռ ICAO-ի Doc 9303 չափորոշիչը չի պարտադրում նշել ծննդավայրը և թույլ է տալիս պետության փոխարեն նշել բնակավայրի անվանումը։
Ծննդավայրի դաշտում պետությունը նշելու պահանջը սահմանել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ին։ Նախկին օրենսդրությունը թույլ էր տալիս արցախցիների անձնագրերում նշել Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը և այլ բնակավայրեր։ Հայաստանը նոր կենսաչափական անձնագրերի է անցել նոյեմբերի 1-ից։
«Արցախ միությունը» քաղաքական որոշում էր համարել անձնագրերում «Ադրբեջան» գրառումը և պահանջել վերադարձնել բնակավայրը նշելու հնարավորությունը։ Միությունը ղեկավարող Բեգլարյանը դիմել էր ներքին գործերի նախարարությանը՝ պահանջելով իր անձնագրում որպես ծննդավայր չնշել Ադրբեջանը։ Մերժման դեպքում նա պատրաստվում է դիմել դատարան՝ ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







