ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել բրիտանացի գրոսմայստեր Լյուկ Մաքշեյնի հետ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
Արոնյանը սպիտակ խաղաքարերով խաղացել է նոյեմբերի 25-ին կայացած պարտիայում։ Երկրորդ տուրում՝ նոյեմբերի 26-ին, հայ գրոսմայստերը սևերով կմրցի բրիտանացի Շրեյաս Ռոյալի հետ։
Մրցաշարի առաջին տուրում հաղթանակ են տարել ուզբեկստանցի Նոդիրբեկ Աբդուսատորովն ու ամերիկացի Էնդի Վուդվորդը։
Լոնդոնում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ն անցկացվող մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր։ Մրցաշարն անցկացվում է շրջանաձև համակարգով՝ ինը տուրով։
Արոնյանը նոյեմբերի 10-ին երրորդ տեղն էր զբաղեցրել Բուդապեշտի Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարի բլից մրցաշարում, իսկ նույն մրցաշարում արմագեդոն պարտիայում սև խաղաքարերով հաղթել էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
Արոնյանի և Մաքշեյնի պարտիան ոչ-ոքի է ավարտվել 44-րդ քայլում։ Առաջին տուրից հետո Արոնյանը 0,5 միավորով ևս հինգ շախմատիստի հետ կիսում է 3-8-րդ տեղերը։ Աբդուսատորովն ու Վուդվորդը մեկական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 ֆունտ ստեռլինգ (մոտ 131 000 դոլար), որից 50 000-ը (մոտ 65,5 հազար դոլար) կստանա հաղթողը։ Մրցաշարի գործող չեմպիոնն ուզբեկստանցի Նոդիրբեկ Աբդուսատորովն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







