Գլենդելի Վուդրո Վիլսոնի անվան դպրոցի հայազգի պատմության ուսուցիչ Գագիկ Գալֆայանը նահանգի ևս չորս մանկավարժի հետ արժանացել է «Կալիֆոռնիայի տարվա ուսուցիչ- 2027» կոչմանը, հայտնում է Լոս Անջելեսի շրջանի կրթության վարչությունը։
Հաղթողներին հոկտեմբերի 8-ին հայտարարել էր Կալիֆոռնիայի հանրակրթական համակարգի ղեկավար Թոնի Թերմոնդը։ Մրցանակը շնորհում է նահանգի կրթության դեպարտամենտը՝ դասավանդման ձեռքբերումների և դպրոցական կյանքում ներդրման համար։ Ծրագիրը գործում է 1972 թվականից։
Գալֆայանը Գլենդելի Վուդրո Վիլսոնի միջնակարգ դպրոցում պատմություն է դասավանդում 7-րդ և 8-րդ դասարանների աշակերտներին՝ օգնելով նրանց հասկանալ անցյալի իրադարձությունների ազդեցությունը ներկայի վրա։ Նա նաև ղեկավարում է դպրոցի տարեգրքի՝ աշակերտների և ուսումնական տարվա իրադարձությունների մասին պատմող ալբոմի պատրաստման աշխատանքները։ Նա 14 տարվա ուսուցիչ է։
Գալֆայանը նախկինում վեց տարի դասավանդել էր Գլենդելի տարրական դպրոցներից մեկում գործող հայերենի երկլեզու ուսուցման ծրագրում։
Ապրիլին Գալֆայանը ճանաչվել էր Գլենդելի դպրոցական շրջանի տարվա ուսուցիչ, ապա ընդգրկվել Լոս Անջելեսի շրջանի տարվա 16 ուսուցչի թվում։ Գլենդելն ԱՄՆ-ում հայ համայնքի կենտրոններից է։ Քաղաքում կառուցվում է նաև Հայ-ամերիկյան թանգարանը՝ նվիրված հայկական սփյուռքի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



