Ֆրանսիայում աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին սկսված անկարգություններից ի վեր՝ ավելի քան 2300 մարդու նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, հայտնել է Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ։
Գերատեսչության տվյալներով՝ անկարգությունների սկզբից ձերբակալվել է 6877 մարդ, որոնցից 5890-ն անչափահաս է։ Կալանավորվել է 21 մարդ, այդ թվում՝ 6 անչափահաս։
Չորս օրում ձերբակալվածների թիվն ավելացել է գրեթե 1800-ով․ նախարարության հոկտեմբերի 5-ի հաշվետվության մեջ նշված էր 5060 ձերբակալված և 1802 քրեական հետապնդման ենթարկված անձ։ Այն ժամանակ 1376-ի դեպքում քրեական հետապնդման փոխարեն այլընտրանքային միջոցներ էին կիրառվել՝ նախազգուշացումներ, վնասի հատուցում, որոշակի վայրեր այցելելու արգելք և հանրային աշխատանքներ։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը հանդիպում է ունեցել 36 դատախազի հետ և հանձնարարել արագ արձագանքել բռնության ու գույքի վնասման դեպքերին, հնարավորության դեպքում կիրառել արագացված դատական ընթացակարգեր, ինչպես նաև պահանջել է ձերբակալված անչափահասների ծնողների քաղաքացիական պատասխանատվությունը։
Անկարգություններն ուղեկցվել են իրավապահների և կրթական համակարգի աշխատակիցների վրա հարձակումներով, դպրոցների և քաղաքային ենթակառուցվածքների վնասմամբ։ Նախարարության գնահատմամբ՝ վնասը միլիոնավոր եվրոներ է կազմում։
Տուժածների թվում կան նաև դեռահասներ․ մի քանի անչափահաս ծանր վնասվածքներ է ստացել․ մեկը կորցրել է դաստակը, մյուսը՝ աչքը։ Ազգային ոստիկանության գլխավոր տեսչությանը ոստիկանության գործողությունների վերաբերյալ 18 քննություն է հանձնարարվել։
Ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաները հոկտեմբերի սկզբին ուղեկցվել էին ուսումնական հաստատությունների արգելափակմամբ, ոստիկանության հետ բախումներով և երկրի մի քանի քաղաքում գույքի վնասմամբ։ Բողոքի ակցիաների սկզբից տուժել էր 1065 մարդ՝ աշակերտներ, դպրոցների աշխատակիցներ և իրավապահներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







