ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով դատական նիստի ժամանակ մեղադրել է մեղադրող դատախազ Ծովակ Մնացականյանին՝ անմեղության կանխավարկածը խախտելու փորձի մեջ։
Նա հիշեցրել է, որ ՀՀ սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Չի գրված, որ ՀՀ գլխավոր դատախազությունն, ըստ իր տնօրինման, կարող է մեղադրական եզրակացությունը նույնականացնել անմեղության կանխավարկածը հաղթահարելուն։ Չի գրված, որ ամբողջ Հայաստանի տարածքում գործում է այս հոդվածը, բայց Գլխավոր դատախազության շենքում գործում է այլ հոդված»,- ասել է նա։
Աշոտյանը հայտարարել է, որ ՀՀ-ում անմեղության կանխավարկած գոյություն չունի։ Նա հորդորել է դիտել տեսագրությունը և համոզվել, որ դատախազն առաջին բաժնում կիրառում է բոլորովին այլ ձևակերպումներ, ապա փոփոխում դրանք երկրորդ մասում։
«Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ-ում քաղաքական նպատակներով իրավական համակարգը, տվյալ պարագայում՝ իրավապահ մարմինները, օգտագործվում է բացառապես քաղաքական հետապնդումների համար՝ առանց ՀՀ սահմանադրության տարրական պահանջները պահպանելու»,- ընդգծել է նա։
Աշոտյանը հայտարարել է, որ նման սխալներից հետո Գլխավոր դատախազությունում առնվազն հեռացումներ պետք է լինեն։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին նա առաջարկել է ամրագրել, որ ՀՀ սահմանադրությունը Գլխավոր դատախազությունում չի գործում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







