Պենտագոնի անձնակազմի տվյալների բազայում տեղի ունեցած խախտման հետևանքով հասանելի է դարձել ավելի քան 3 մլն մարդու անձնական տվյալ, հայտնել է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության գերատեսչության պաշտոնյայի։
Տվյալների թվում են սոցիալական ապահովության համարները, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական անձնակազմի զբաղեցրած պաշտոնների վերաբերյալ տեղեկություններ։
Արտահոսքը վերաբերում է 2,76 մլն ողջ և ևս 294 000 մահացած անձի տվյալների։ Միջադեպը կարող է նաև ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններ առաջացնել, քանի որ արտահոսած տեղեկությունների թվում են զինվորականների և քաղաքացիական աշխատակիցների կատարած աշխատանքի վերաբերյալ տվյալներ։
Պաշտոնյայի խոսքով՝ Պենտագոնի Defense Manpower Data Center-ի (DMDC) համակարգերից մեկը 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիս հասանելի էր մի քանի չարտոնված օգտատիրոջ։ Խոցելիությունը հայտնաբերելուց հետո այն վերացվել է։
DMDC-ն Պենտագոնի անձնակազմի տվյալների հիմնական շտեմարաններից մեկն է և պահպանում է ավելի քան 60 մլն գրառում՝ գործող և պահեստազորի զինծառայողների, քաղաքացիական աշխատակիցների, կապալառուների, վետերանների, թոշակառուների և զինվորականների ընտանիքների անդամների վերաբերյալ։
ԱՄՆ պաշտպանության գերատեսչությունից նշել են, որ առայժմ բացահայտված տվյալների չարաշահման ապացույցներ չեն հայտնաբերվել։ Տուժածներին առաջարկում են ինքնության պաշտպանության և վարկային պատմության մոնիթորինգի ծառայություններ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







