Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին ներում շնորհելը՝ որպես մարդասիրական քայլ, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրյոյի խոսքով՝ Ռայանին ներում շնորհելն «ադրբեջանական իշխանությունների հետ համբերատար և մանրակրկիտ երկխոսության» արդյունք է։ Նրա խոսքով՝ այդ երկխոսությունը ֆրանսիական կողմը «մտադիր է շարունակել», և այն «քայլ է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
Ռայանը ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին՝ Թուրքիայի և Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին տեղեկություններ հավաքելու մեղադրանքով։ 2026 թվականի մարտին նրան դատել էին լրտեսության համար և դատապարտել 10 տարվա ազատազրկման։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել նրան։ Գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով՝ Ֆրանսիայի արտաքին հետախուզության ղեկավարը ժամանել է Ադրբեջան՝ Ռայանին հայրենիք վերադարձնելու համար։
Աղբյուրները նաև հայտնել են, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հանդիպել են Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը։
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել էր գործարարներ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին:
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Փարիզն այդ քայլին դիմելիս հղում է կատարել ազգային անվտանգության նկատառումներին՝ այն կապելով Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման հետ։
«Փարիզը ոչ հրապարակային ազդանշան էր տվել, որ Բաքուն օգտագործում է Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների իրավիճակը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի երկու քաղաքացու կալանավորման հարցում Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար»,- գրել է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետների։
Ընդ որում՝ անանուն ադրբեջանցի դիվանագետն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն բացահայտորեն պաշտպանել է Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելը, քանի որ նրա դեմ կիրառված միջոցներն անարդար է համարել:
Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի կազմում է նաև Ադրբեջանը, ավելի վաղ նամակներ էր ուղարկել ԵՄ երկրների առաջնորդներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ կոչ անելով չեղարկել պատժամիջոցները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







