Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 23:57

ԱՄՆ-ն, Դանիան ու Գրենլանդիան ռազմական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ-ն, Դանիան ու Գրենլանդիան ռազմական համաձայնագիր են ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենի հետ ստորագրել է Գրենլանդիայում ռազմական ներկայության ընդլայնման համաձայնագիր, հայտնել է Սպիտակ տունը։

Այն Միացյալ Նահանգներին տալիս է Գրենլանդիայում անվտանգության ոլորտում երկարաժամկետ վերահսկողություն, մշտական բազավորման իրավունքներ և հնարավորություն՝ արգելելու ԱՄՆ-ի հակառակորդների ռազմական ներկայությունն ու զգայուն ներդրումները։

Փաստաթուղթը փոփոխություններ և լրացումներ է կատարում Գրենլանդիայի պաշտպանության վերաբերյալ 1951 թվականի համաձայնագրում։ Դրանով ԱՄՆ-ին թույլատրվում է արդիականացնել և ընդլայնել Պիտուֆիկ տիեզերական բազան, ինչպես նաև պաշտպանական նոր գոտիներ ստեղծել Նարսարսուաքում և Մեստերսվիգում։ Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Վաշինգտոնը հետագայում ևս կարող է պաշտպանական նոր տարածքներ ստեղծել։

Համաձայնագիրը նախատեսում է նաև Գրենլանդիայում ԱՄՆ-ի Golden Dome հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման հնարավորություն։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռները համաձայնագրով նախատեսված պայմաններով իրավունք կունենան թռչել և վայրէջք կատարել Գրենլանդիայի տարածքում, իսկ ռազմական նավերը՝ նավարկել նրա տարածքային ջրերում։

Արգելվում է Գրենլանդիայում ռազմական օբյեկտներ ստեղծել կամ մշտական ռազմական ներկայություն ունենալ՝ առանց կողմերի համաձայնության։ Սահմանափակումներ են նախատեսվում նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկեր չհանդիսացող երկրների՝ ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ կրիտիկական ենթակառուցվածքների և բնական պաշարների արդյունահանման ոլորտներում ներդրումների նկատմամբ։

Reuters-ը գրում է, որ համաձայնագիրը չի նախատեսում Գրենլանդիայի միացում ԱՄՆ-ին, ինչի մասին նախկինում խոսել էր Թրամփը, սակայն էապես ընդլայնում է կղզում ամերիկյան ռազմական ներկայությունը։

Նիլսենը փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարել է, որ ճգնաժամն ավարտված է համարում, սակայն նշել է, որ Գրենլանդիան դեռ պետք է վերականգնի վստահությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Reuters-ի տվյալներով՝ սա Սառը պատերազմից ի վեր Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքի առաջին խոշոր ընդլայնումն է։ Սառը պատերազմի տարիներին կղզում գործել է ամերիկյան 17 ռազմական օբյեկտ, որտեղ ծառայել է ավելի քան 10 000 մարդ։

Համաձայնագիրն անժամկետ է և կարող է փոփոխվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Այն ուժի մեջ կմտնի Դանիայում և Գրենլանդիայում անհրաժեշտ խորհրդարանական ընթացակարգերի ավարտից հետո։

Փաստաթուղթը միաժամանակ վերահաստատում է Դանիայի Թագավորության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար՝ հատկապես Արկտիկայում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությանը հակազդելու տեսանկյունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+