«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը Գավառում և Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցում է գործող համայնքապետերի գլխավորած դաշինքներով, իսկ Ապարանում նախատեսում է նման համագործակցություն, գրում է «Հրապարակ» թերթը։
Թերթի փոխանցմամբ՝ Գավառում ՔՊ-ն և «Գործարար» կուսակցությունը ձևավորել են «Համերաշխություն» դաշինքը՝ գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Նման դաշինք է ձևավորվել նաև Գորիսում՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։
Ապարանում իշխանությունները մտադիր են դեկտեմբերին սպասվող ընտրություններում գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիկի Կարենին», առաջադրել ՔՊ-ի հետ դաշինքով։ Այս մասին, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնում է թերթը։
Ըստ հրապարակման՝ Եղիազարյանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ հրապարակային կերպով աջակցել է ՔՊ-ին։
Ստեփանավանում, սակայն, «Գործարար» կուսակցությունն ու ՔՊ-ն ընտրություններին մասնակցելու են առանձին։ Գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն առաջադրվել է «Գործարար» կուսակցության կողմից, մինչդեռ ՔՊ-ն այլ թեկնածու է առաջադրել։
Թերթի տեղեկություններով՝ «Գործարար» կուսակցության ցուցակով առաջադրվելու մտադրություն ունի նաև Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը։
«Գործարար» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին և, հիմնականում, գործունեություն է ծավալել Գյումրիում։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։
Հայաստանի 46 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Դրանց թվում կլինեն այնպիսի մարզկենտրոններ, ինչպիսիք են Աշտարակը, Արտաշատը, Արմավիրը, Գավառը, Վանաձորը, Հրազդանը, Կապանը, Եղեգնաձորը և Իջևանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







