Հայազգի ամերիկացի գործարար Քիմ Քարդաշյանը The Kardashians ռեալիթի շոուի ութերորդ եթերաշրջանի թրեյլերում հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է էզոֆագիտ՝ կերակրափողի բորբոքում, գրում է ամերիկյան People ամսագիրը։
Տեսանյութում Քարդաշյանը պատմել է ախտորոշման մասին: Կադրերից մեկում նա պառկած է հիվանդանոցային սենյակում։ Հիվանդության ծանրության մասին թրեյլերում մանրամասներ չեն ներկայացվում։
Ամերիկյան Entertainment Weekly ամսագիրը նշում է, որ տեսանյութում հարց է հնչում Քարդաշյանի հոր հիվանդության մասին։ Նրա մայրը՝ Քրիս Ջենները, խոստովանում է, որ այդ թեմայից ցանկանում է արտասվել։
Գործարարի հայրը՝ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը, մահացել էր կերակրափողի քաղցկեղի հետևանքով՝ 2003 թվականին, 59 տարեկանում։ People-ն ընդգծում է, որ էզոֆագիտն ու կերակրափողի քաղցկեղը տարբեր հիվանդություններ են։
Ամերիկյան InStyle ամսագրի տվյալներով՝ Ռոբերտի մահից հետո ընտանիքը մասնակցել էր կերակրափողի հիվանդությունների մասին իրազեկման նախաձեռնություններին։ Քարդաշյանները 2019 թվականին աջակցել էին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում նրա անունը կրող՝ կերակրափողի առողջության կենտրոնի բացմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







