Լոս Անջելեսի Չաթսվորթ շրջանում կործանվել է NBC4 և Telemundo 52 հեռուստաալիքների համար նկարահանում իրականացնող NewsChopper4 լրատվական ուղղաթիռը։ Կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը։
Զոհերից երկուսի մարմինները հայտնաբերվել է ուղղաթիռում։ Նրանք Angel City Air ընկերության աշխատակիցներ էին՝ օդային թղթակից և ֆոտոլրագրող Էլիանա Մորենոն և օդաչու Ջորջ Մարչինիվը։ Երրորդ զոհի մարմինը հայտնաբերվել է գետնին։ Եվս երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Associated Press-ի տվյալներով՝ ուղղաթիռը լուսաբանում էր ավտոմեքենայի և քաղաքային ավտոբուսի՝ ավելի վաղ տեղի ունեցած բախումը, որի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել, վեցը վիրավորվել էին։
Ուղղաթիռի ընկնելուց հետո հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով վնասվել են առնվազն չորս ավտոմեքենա և պահեստային երկու կոնտեյներ։ Դեպքի վայր է մեկնել ավելի քան 70 հրշեջ։
Վթարի պատճառը դեռևս չի պարզվել։ Հետաքննությանը կմասնակցեն ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի և Դաշնային ավիացիոն վարչության մասնագետները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







