Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված՝ ԱՄՆ-ի կողմից հնարավոր քայլերը։ Այս մասին բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է РБК-ն։
«Նրանք նաև ներկայացրել են, թե ինչ կարող են ամերիկացիներն իրատեսորեն անել՝ ռազմական գործողություններն արագ դադարեցնելու համար»,- ասել է Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ Պուտինը նաև աջակցել է «երկու մեծ տերությունների» միջև հնարավոր կառուցողական գործընկերության գաղափարին և դրականորեն է արտահայտվել ԱՄՆ-ի ու անձամբ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի վերաբերյալ։
Ուշակովի խոսքով՝ զրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ հակամարտության արագ ավարտը լայն հեռանկարներ կբացի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների լիարժեք վերականգնման, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության համար, ինչը «մեծ օգուտներ կբերի երկու երկրներին»։ Նա նշել է, որ ԱՄՆ առաջնորդը շահագրգռված է իր նախագահության ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հարցում։
Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները ժամանել էին Մոսկվա և Կրեմլում հանդիպել Պուտինի հետ։ Բանակցությունները տևել էին ավելի քան երեք ժամ։ Ուիթքոֆը հայտարարել էր, որ զրույցը «շատ բովանդակալից էր և կարևոր» և նշել, որ ամերիկյան պատվիրակությունը «շատ ոգեշնչված է» արդյունքներով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







