Գերմանիայի Օսնաբրյուք քաղաքում Volkswagen-ի գործարանը նախատեսվում է վերապրոֆիլավորել պաշտպանական արտադրանքի արտադրության համար։ Հարթակի առաջին նախագիծը նախատեսում է իսրայելական Rafael Advanced Defense Systems-ի հետ համագործակցությամբ ՀՕՊ համակարգերի և դրանց բաղադրիչների արտադրություն, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Volkswagen-ը, Aurelius Capital-ը և Ստորին Սաքսոնիայի իշխանությունները համաձայնության են եկել գործարանի հնարավոր վաճառքի հիմնական պայմանների, ինչպես նաև այն անվտանգության և պաշտպանական արտադրանքի կենտրոնի աստիճանաբար վերածելու շուրջ։
Ծրագրի համաձայն՝ ձեռնարկության բաժնետոմսերի մեծամասնությունը կանցնի Aurelius Capital-ին, իսկ Ստորին Սաքսոնիա դաշնային երկրամասը բաժնեմաս կստանա։ Գործարանում նախատեսվում է արտադրել հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց բաղադրիչներ՝ Գերմանիայի և եվրոպական այլ երկրների համար։
Ավտոմեքենաների արտադրությունը գործարանում նախատեսվում է դադարեցնել 2027 թվականի ամռանը։ Volkswagen-ի տվյալներով՝ նոր ծրագիրը հնարավորություն կտա պահպանել աշխատատեղերի մեծ մասը։ Reuters-ի տվյալներով՝ խոսքը շուրջ 1400 աշխատատեղի մասին է՝ ներկայիս 1800-ի փոխարեն։
Գործարքը դեռևս վերջնականացված չէ։ Դրա իրականացումը պահանջում է վերջնական համաձայնագրերի կնքում, ընկերությունների համապատասխան մարմինների որոշումների ընդունում, ինչպես նաև կարգավորող մարմինների անհրաժեշտ հաստատումների ստացում։
Volkswagen-ի Օսնաբրյուքի գործարանի վերապրոֆիլավորումը տեղի է ունենում եվրոպական ավտոարդյունաբերության դժվարությունների և Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճի ֆոնին։ Ավտոկոնցեռնն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Գերմանիայում իր մինչև չորս գործարան կարող է հայտնվել փակման կամ վերապրոֆիլավորման վտանգի առաջ՝ թույլ պահանջարկի, բարձր ծախսերի և չինական արտադրողների հետ աճող մրցակցության պայմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







