Երևանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են Շիրակի փողոցի 49 հասցեում գտնվող շինությունների ապամոնտաժման աշխատանքները՝ օգոստոսի 31-ին բնակիչների հետ տեղի ունեցած միջադեպից հետո։
Ապամոնտաժման աշխատանքներն սկսվել էին ինքնակամ կառույցների քանդման նոր կարգի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը։ Բնակիչները փորձել էին խոչընդոտել աշխատանքները՝ հայտարարելով, որ այդ տարածքում բնակվում են ավելի քան 30 տարի, իսկ ապամոնտաժման մասին, իրենց խոսքով, տեղեկացել են ընդամենը երեք օր առաջ։
Միջադեպի ընթացքում երկու անձ բերման էր ենթարկվել, իսկ բնակիչներից մեկին բժշկական օգնություն էր ցուցաբերվել։
Սեպտեմբերի 1-ին Շենգավիթի թաղապետարանում նախատեսվում է հանդիպում անցկացնել Շիրակի 49 հասցեում բնակվող ընտանիքների հետ, Armenia Today-ին հայտնել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ ապամոնտաժման աշխատանքները դադարեցնելու և բնակիչների հետ հանդիպում անցկացնելու որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հաշվի առնելով ընտանիքների սոցիալական վիճակը։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև բնակիչների սոցիալական խնդիրները։
Armenia Today-ի հարցին՝ դիտարկվո՞ւմ է նրանց այլընտրանքային բնակարան կամ փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը, Մխիթարյանը պատասխանել է, որ այս պահին չի կարող կոնկրետ տեղեկություն հայտնել։ Նրա խոսքով՝ հանդիպմանը կմասնակցեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ սոցիալական ոլորտի ներկայացուցիչներ։
Մեկնաբանելով բնակիչների պնդումները, թե այդ տարածքում ապրում են ավելի քան 30 տարի, Մխիթարյանը հայտարարել է, որ խնդիրը բնակվելու տևողությունը չէ։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում ընտանիքների զբաղեցրած տարածքն ընդլայնվել է, այնտեղ նոր շինություններ են կառուցվել, իսկ որոշ օբյեկտներ օգտագործվել են եկամուտ ստանալու նպատակով։
Մխիթարյանի խոսքով՝ ներկայում տարածքում կա մոտ տասը քարե շինություն։ Բացի այդ, վարչական շրջանի տվյալներով, տարածքում կառուցվել է նաև կրպակ, որը մեկը վերածվել է բնակելի տարածքի և վարձակալության է տրվել։
Իշխանությունների միջամտության մեկ այլ պատճառ Մխիթարյանը համարել է տարածքում կենցաղային և շինարարական աղբի ապօրինի կուտակումը։ Նրա պնդմամբ՝ 2022 թվականից տարածքում գումարի դիմաց կենցաղային և շինարարական աղբ է ընդունվել՝ չնայած վարչական շրջանի բազմակի զգուշացումներին։
«Շենգավիթ վարչական շրջանում պաշտոնական աղբավայր չկա։ Նրանց անընդհատ զգուշացվել է, որ նման բան չանեն, որովհետև, վերջիվերջո, հանրային տարածք է»,- ասել է Մխիթարյանը։
Վարչական շրջանի ղեկավարը նաև հակադարձել է բնակիչների պնդմանը, թե առաջիկա ապամոնտաժման մասին տեղեկացել են միայն օգոստոսի 28-ին։ Նա հաստատել է, որ վերջին ծանուցումն ուղարկվել է ուրբաթ օրը, սակայն նշել է, որ դեռևս 2022 թվականից բնակիչներին պարբերաբար զգուշացրել են տարածքում շինություններ կառուցելու և աղբ թափելու վերաբերյալ, իսկ ընտանիքներին այցելել են նաև սոցիալական աշխատողները։
«Վերջին ծանուցումն ուրբաթ օրն էր։ Պաշտոնապես ծանուցվել են, և սոցիալական աշխատողներ են այցելել նրանց։ Ինչ վերաբերում է նրան, որ տեղյակ չէին, իրենք լավ էլ տեղյակ էին»,- հայտարարել է Մխիթարյանը։
Օգոստոսի 31-ի միջադեպից հետո իշխանությունները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները։ Մխիթարյանի խոսքով՝ որոշումը կայացնելիս հաշվի է առնվել բնակիչների սոցիալական վիճակը, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց առկայությունը։
«Աշխատանքները դադարեցվել են, վաղը թաղապետարանում հանդիպելու ենք բնակիչների հետ, մի հատ էլ նախազգուշացնենք նրանց, որ այդ գործունեությունը դադարեցնեն, և նաև միասին կքննարկենք հետագա գործողությունները»,- ասել է Մխիթարյանը։
Կարդացեք նաև՝
Շենգավիթում տնակների ապամոնտաժումը բողոքի է վերածվել․ կան բերման ենթարկվածներ
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







