2026-ի առաջին կեսին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 14 000 անձից մոտ 9000-ը ՀՀ քաղաքացիություն է ստացել, հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Վիճակագրության մանրամասների համաձայն՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Արցախից տեղահանված անձանց կողմից։ ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ Արցախից տեղահանված 8 676 անձի։ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար ներկայացվել է 1128 հայտ։ Միևնույն ժամանակ, 2495 անձի ՀՀ քաղաքացիություն դադարեցվել է։ Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անձ։
Մայիսին՝ հունիսի 7-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններից առաջ, Արցախից բռնի տեղահանված մի շարք քաղաքացիներ հայտնել էին ՀՀ քաղաքացիության տրամադրման ձգձգման մասին, որը նրանք կապել էին խորհրդարանական ընտրություններին իրենց չմասնակցելու իշխանությունների ցանկության հետ։ Հունիսի 9-ի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը 39 650 էր։
Կարդացեք նաև՝
Ձգձգում են ՀՀ քաղաքացիությունը, որ ընտրություններին չմասնակցենք․ արցախցի
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







