Ֆրանսիայի հյուսիսային ափի մոտ բռնկված երկու անտառային հրդեհների պատճառով մոտ 1200 մարդ է տարհանվել ծովափնյա տարածքից, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հրդեհները բռնկվել են Պա-դը-Կալե դեպարտամենտում։ Հրդեհներից մեկը վերահսկողության տակ է վերցվել, սակայն մյուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհի օջախին հասնելը դժվար է, և կրակը շարունակում է տարածվել դեպի հարավ։
Տարհանվածները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ։ Ֆրանսիան այս տարի բախվել է անտառային հրդեհների հատկապես ակտիվ սեզոնի՝ շարունակվող ջերմային ալիքների ֆոնին։
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Մոնիկ Բարբուտը հայտարարել է, որ ջերմային ալիքների հետևանքով երկրի կրած ուղղակի և անուղղակի ծախսերը կարող են հասնել 15 մլրդ եվրոյի։
Եվրամիությունում 2026 թվականի սկզբից անտառային հրդեհներն ընդգրկել են շուրջ 435 000 հեկտար տարածք՝ գերազանցելով 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հարավարևմտյան շրջաններում մոլեգնող անտառային հրդեհն անվանել էր «լիովին աննախադեպ»՝ հրշեջներին զգուշացնելով, որ կրակի դեմ պայքարը դեռ երկար կտևի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







