«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել իր հասցեին հնչեցրած հայտարարությունները:
Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմաց. ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ը՝ YouTube-ի իր ալիքում։
Դրմեյանը պահանջում է դատարանից զրպարտություն համարել վարչապետի այն պնդումները թե ինքը, 2025 աշխատելով վարչապետի աշխատակազմում որպես Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար, գործել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շահերից ելնելով։
Նրա պարզաբանմամբ՝ հայցը վերաբերում է ինչպես արբիտրաժային դատարանի որոշման ժամանակ իր պարտականությունները կատարելուն ու շահերի բախում ունենալուն, այնպես էլ «տրոյական ձիու» հետ համեմատականներ անցկացնելուն։
«Բոլոր արտահայտությունները և մեջբերված փաստերն իրականությանը չհամապատասսխանող են, և այդ կոնտեքստում արատավորում էր անձի, այս դեպքում՝ իմ պատիվն ու արժանապատվությունը»,- ասել է նա։
Մեկնաբանելով ՀԷՑ-ի հարցով արբիտրաժային որոշման շուրջ ստեղծված իրավիճակը՝ Դրմեյանը նշել է, որ գրասենյակը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակներում։ Նա ընդգծել է, որ գերատեսչությունը պետական մարմիններին տրամադրել է իրավական պարզաբանումներ արբիտրաժային որոշումների կիրառման կամ չկատարման հետևանքների վերաբերյալ։ Դրմեյանը նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում իրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատերերի անունից գործելու մեջ։
Նա նաև մեկնաբանել է լրատվամիջոցներին տեղեկատվության արտահոսքի մեղադրանքները։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից պատրաստված այս փաստաթղթերը հետագայում հանրությանը հայտնի էին դարձել։ Դրանք պարունակում էին պարզաբանումներ արբիտրաժային որոշումը կիրառելու կամ չկատարելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Գրասենյակն, իր լիազորություններից ելնելով, պատասխան է տվել՝ ներկայացնելով, թե իրավական կարգավորումն ինչպիսին է։ Այսինքն, եթե վճիռը պիտի կատարման ենթակա լինի, ի՞նչ քայլեր պետք է ավեն։ Եթե կառավարությունը չի ցանկանում կատարել, դրա ռիսկերը որո՞նք են։ Ընդամենը սրա մասին է խոսքը»,- ասել է նա։
Դրմեյանն ընդգծել է, որ ինքն էլ հետաքրքրված է, թե ինչպես է երկու պետական մարմնի միջև շրջանառված փաստաթուղթը հայտնվել լրատվամիջոցներում։
«Ես էլ կցանկանայի տեղեկանալ, թե ինչպե՞ս է ստացվում, որ երկու պետական մարմնի միջև առկա գրությունն արտահոսքի միջոցով հայտնվում է լրատվական դաշտում, ինձ էլ է շատ հետաքրքիր»,- ասել է նա:
Դրմեյանը հայտարարել է, որ այս պահին գումարային պահանջ Փաշինյանի հանդեպ չի ներկայացրել, սակայն հնարավոր է՝ հետագայում համալրի հայցադիմումը նաև նման պահանջով։
Դրմեյանը չի բացառել, որ այս ամենով հող են նախապատրաստում իրեն կալանքի ենթարկելու համար, թեև չի հասկանում, թե ինչո՞ւ են հանկարծ կառավարությունում իրեն հիշել։ Նրա պնդմամբ՝ իրավապահները որևէ գործ չեն սկսել իր նկատմամբ Փաշինյանի հայտարարություններից հետո։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ աշխատանքային հարաբերություններին, ապա Դրմեյանի խոսքով՝ դրանք խիստ և բացառապես պաշտոնական էին։
Armenia Today-ին տված մեկնաբանության մեջ Դրմեյանը Փաշինյանի հայտարարությունները կապել է իր ընդդիմադիր գործունեության հետ: Հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը նրան հիմա հիշատակել, նա պատասխանել է. «Ինձ համար էլ է հանելուկ»:
Դրմեյանն ասել է, որ ինքը և իր գործընկերներն իրադարձությունները կապում են «Միասնության թևեր» կուսակցության հետընտրական շրջանում ցուցաբերած ակտիվ դիրքորոշման հետ: Նա նաև չի բացառել իշխանությունների կողմից հետագա տարբեր գործողություններ, այդ թվում՝ հնարավոր քրեական հետապնդումը:
«Այսօրվա իրականության մեջ ես ոչինչ չեմ բացառի: Մի փոքր հույս ունենալով, որ իրավապահ մարմիններում դեռ կան մարդիկ, ովքեր հետևում են օրենքին և գործում են օրենքի ոգուն և տառին համապատասխան»,- ասել է Դրմեյանը:
Խոսելով կառավարությունում իր աշխատանքի մասին՝ Դրմեյանը հերքել է այն պնդումները, որ կառավարության ներսում ընդդիմադիր գործիչ էր:
Դրմեյանը նաև խոսել է 2020 թվականի պատերազմի ընթացքում և Արցախում տեղի ունեցած իրադարձություններից հետո միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի գործունեության մասին: Նա նշել է, որ գրասենյակը պաշտպանել է Հայաստանի շահերը միջազգային դատարաններում, պատրաստել է դատական հայցեր և անդրադարձել գերիների, ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքներին։
«Միասնության թևեր» կուսակցության խորհրդարան չմտնելուց հետո իր հետագա քաղաքական գործունեության մասին հարցին Դրմեյանը պատասխանել է, որ կուսակցության ներսում քննարկումներ են ընթանում հաջորդ քայլերի վերաբերյալ: Նա նաև նշել է, որ կուսակցությունը շարունակում է բողոքարկել ընտրությունների հետ կապված որոշումները դատարանում և չի բացառել հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը:
Փաշինյանը հուլիսի 30-ին պահանջել էր քննել Դրմեյանի գործունեությունը՝ նրա գործողություններն անվանելով «տրոյական ձի»։ ՀԷՑ-ի սեփականատերերի շահերի ի օգուտ աշխատելու մեղադրանքներից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Փաշինյանի դիմումի հիման վրա ստուգումներ սկսելու մասին։
«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարել էր, որ վարչապետի հայտարարությունները դիտարկում է որպես ճնշում ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







